1 (1) (1)

Իսպանացի գրող Միգել Դելիբեսի դուստրը՝ Անխելես Դելիբեսը Հայաստանում էր։ «Զանգակ» գրատանը Անխելեսի ներկայությամբ անցկացվեց Դելիբեսի գրքերի շնորհանդեսը։ Գրքերը լույս է ընծայել «Անտարես»-ը։

Անխելես Դելիբեսը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ միջոցառմանը մասնակցելու և հրատարակչությանը՝ իր հոր գրքերը հայերեն թարգմանելու համար։

«Կարծում եմ՝ դժվար է հասկանալ այն պատմությունը, որը կատարվում է այլ երկրում և այլ ժամանակաշրջանում, բայց հուսամ՝ հայ ընթերցողին դժվար չի լինի Դելիբեսին հասկանալ։ Ինչպես տեսնում եմ՝ դուք պլաններ ունեք Դելիբեսից նաև այլ գրքեր թարգմանելու։ Դա վկայում է այն մասին, որ հայ ընթերցողը հասկանում է իսպանացի հեղինակին»,-նշեց Անխելես Դելիբեսն իր խոսքում։

Դելիբեսի երկու՝ «Հինգ ժամ Մարիոյի հետ» և «Անմեղ սրբեր» գրքերը վերջերս թարգմանվել են հայերեն։

«Հինգ ժամ Մարիոյի հետ» վեպի գլխավոր հերոսուհին Կարմեն Սոտիլյոն է, որը նոր է կորցրել ամուսնուն և նրա հոգեհանգստյան գիշերը արթմնի է անցկացնում հանգուցյալի կողքին: Սեղանին դրված է Աստվածաշունչը, որը կինը թերթում է՝ ընթերցելով հատկապես ամուսնու ընդգծած հատվածները: Արթնանում են հիշողությունները, և լիովին անսպասելի սկսվում է դանդաղ ու չկապակցված մի մենախոսություն, որում սակայն ուրվագծվում է իրական կյանքը: «Հինգ ժամ Մարիոյի հետ» վեպը հոգեբանական հոգեցունց երկ է, որը կանացի հոգու բացահայտման միջոցով վերհանում է իսպանական հետպատերազմյան ժամանակների հասարակության խորխորատները: Թարգմանությունն իսպաներենից`Ռուզաննա Պետրոսյանի։

Ինչ վերաբերում է «Անմեղ սրբեր»-ին,  Դելիբեսի գլուխգործոցներից մեկը համարվող այս վիպակը (1981), որից ներշնչվել է իսպանական կինոյի լավագույն ֆիլմերից մեկը, ռեալիստական և լիրիկական ոճով գրված ողբերգական պատմություն է 60-ական թվականների ֆրանկիստական Իսպանիայում հողատիրոջ իշխանության տակ ապրող նվաստացած էակների մասին, որոնց առօրյա կյանքը սոսկ հրաժարումն է, զոհաբերությունը, հնազանդությունը և տիրոջ քմահաճույքներին ենթարկվելը: Լուսանցք մղված այս էակների ճակատագիրը կանխորոշված է, եթե անկանխատեսելի մի իրադարձություն թույլ չտա նրանց կոտրելու իրենց շղթաները: Թարգմանությունն իսպաներենից՝ Կառա Չոբանյանի։