Երբևէ գիրք ավարտել եք ու անհամբերությամբ սպասել կինոնկարին, որպեսզի տեսնեք, թե ինչպես են սիրելի կերպարներն ու դրվագները մարմնավորվում էկրանին։ Սակայն շատ հաճախ ֆիլմը հիասթափեցնում է․ որոշ կարևոր դրվագներ բացակայում են, կերպարների խորությունը վերացել է, իսկ սյուժեն կրճատվել է։ Այդ պահին առաջ է գալիս անխուսափելի հարցը՝ իսկ ո՞րը լավն էր՝ գի՞րքը, թե՞ ֆիլմը։
Գրքի ուժը նրա սահմանազատման բացակայության մեջ է։ Այն ընթերցողին տալիս է լիարժեք ազատություն պատկերացնելու գործողությունները, կերպարների արտաքինը, հույզերը, ներաշխարհը։ Գիրքն ընթերցողի հետ խոսում է լեզվով, որն անհնար է լիովին փոխանցել ֆիլմով։ Գրական լեզվի նրբությունները, ներքին մենախոսությունները, ֆոնային միտք-հոսքը՝ այս ամենը խորություն են տալիս պատմությանը։
Ֆիլմն ունի իր առավելությունները։ Այն կարող է պատմությունը դարձնել հասանելի մեծաթիվ հանդիսատեսի համար։ Բեմադրությունը, սաունդթրեքը, դիզայնը և դերասանական խաղը կարող են ստեղծել այնպիսի ուժեղ մթնոլորտ, որը հաճախ դժվար է պատկերացնել միայն գրքի միջոցով։ Երբեմն ռեժիսորները նոր շերտեր են ավելացնում պատմությանը՝ փոխելով կամ զարգացնելով որոշ տեսարաններ այնպես, որ դրանք ստանան նոր իմաստ։
Սակայն խնդիրն այն է, որ ֆիլմը սահմանափակ է ժամանակով։ Այն ստիպված է ընտրել, թե գրքի որ հատվածներն ընդգծել, իսկ որոնք՝ բաց թողնել։ Սա կարող է վնասել սյուժեի ամբողջականությանը կամ փոխել կերպարների զարգացման տրամաբանությունը։ Միևնույն ժամանակ, որոշ ֆիլմեր՝ օրինակ «The Lord of the Rings» կամ «Pride and Prejudice», գրեթե դարձել են իրենց գրական աղբյուրի արժանի գործընկերներ։
Ի վերջո, գիրք vs. ֆիլմ բանավեճը չունի վերջնական պատասխան։ Ամեն ինչ կախված է նրանից, թե դուք ինչ եք փնտրում պատմության մեջ․ եթե ցանկանում եք խորասուզվել կերպարների ներսը՝ կարդացեք գիրքը, եթե նախընտրում եք տեսնել գործողությունները վառ ու կենդանի՝ դիտեք ֆիլմը։ Իսկ լավագույն տարբերակը․ կարդացրեք գիրքը և հետո դիտեք ֆիլմը՝ վերլուծելով նմանություններն ու տարբերությունները։ Այդպես կստանաք առավել ամբողջական պատկեր։


